ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը զրուցել են հեռախոսով։ Զրույցը կայացել է Սի Ծինփինի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։
Ավելի վաղ «Սինխուա» գործակալությունը հայտնել էր, որ ՉԺՀ նախագահն ամերիկացի գործընկերոջն ասել է, թե Պեկինն աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին։
Միևնույն ժամանակ Թրամփն ինքն է ներկայացրել չինացի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ Ավանդույթի համաձայն` նա այդ մասին գրել է «Truth Social» սոցիալական ցանցում։
ՉԺՀ նախագահի հետ զրույցը Թրամփը «լավ» է գնահատել և հայտնել, որ գործընկերոջ հետ քննարկել են առևտրի և ռազմական ոլորտին վերաբերող հարցեր, Չինաստան կատարելիք իր այցը, որը նախատեսված է ապրիլին, ուկրաինական ճգնաժամը և Իրանի հետ կապված իրավիճակը։
Զրույցի թեմաների թվում ամերիկյան առաջնորդը նշել է Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի և գազի գնումները, ինչպես նաև ՉԺՀ–ի կողմից լրացուցիչ գյուղատնտեսական ապրանքների գնման հնարավորության դիտարկումը՝ ներառյալ ընթացիկ սեզոնում սոյայի գնման ծավալները մինչև 20 միլիոն տոննայի հասցնելը։ Թրամփը պնդում է, որ Պեկինը պարտավորություն է ստանձնել հաջորդ սեզոնին գնել 25 միլիոն տոննա սոյա։
«Չինաստանի հետ հարաբերությունները և նախագահ Սի Ծինփինի հետ իմ անձնական հարաբերությունները արտակարգ լավն են, և երկուսս էլ հասկանում ենք, թե որքան կարևոր է դրանք հենց այդպիսին պահպանելը։ Կարծում եմ, որ իմ նախագահության հաջորդ երեք տարվա ընթացքում կհասնենք բազմաթիվ դրական արդյունքների՝ կապված նախագահ Սիի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ», — եզրափակել է նա։
Վերջին անգամ Թրամփն ու Սի Ծինփինը հանդիպել են հարավկորեական Բուսան քաղաքում 2025 թվականի հոկտեմբերի 30-ին: ԱՄՆ նախագահն այն ժամանակ իր գործընկերոջն անվանել էր «մեծ երկրի մեծ առաջնորդ» և վստահություն հայտնել, որ իրենց հարաբերությունները հիանալի կլինեն երկարաժամկետ հեռանկարում: Միևնույն ժամանակ ամերիկյան առաջնորդն ասել էր, որ Սին իր համար դարձել է «ծանր բանակցող»: