Հռոմի պապ Լևոն 14-րդը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկարաձգել «Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին-3» պայմանագիրը։
Վաղը լրանում է 2010 թվականին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Օբամայի և Մեդվեդևի կողմից ստորագրված ՌՀՍ-3 (հայտնի է նաև որպես Պրահայի պայմանագիր) պայմանագրի ժամկետը, որը նշանակալի քայլ էր միջուկային զենքի տարածումը զսպելու գործում:
«Կրկին աջակցություն հայտնելով զինաթափման և փոխադարձ համագործակցության համար բոլոր կառուցողական ջանքերին՝ կոչ եմ անում թույլ չտալ այս փաստաթղթի գործողության դադարեցումը՝ առանց դրա իրականացման կոնկրետ և արդյունավետ միջոցների ապահովման», - ասել է Լևոն 14-րդը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է փետրվարին ՌՀՍ-3 պայմանագրի գործողության ավարտից հետո ևս 1 տարի պահպանել պայմանագրով նախատեսված քանակական սահմանափակումները: Սակայն նա ընդգծել է, որ Ռուսաստանի քայլը կենսունակ է միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը նույն կերպ գործի։ Այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս-ամերիկյան պայմանագրի գործողության ժամկետի ավարտին մոտեցող իրավիճակը մեկնաբանել էր այսպես. «կլրանա, ուրեմն կլրանա»: Թեև դրանից անմիջապես հետո նա հույս էր հայտնել, որ կստորագրվի «ավելի շահավետ» համաձայնագիր, որտեղ կներառվի նաև Չինաստանը։
Պայմանագրի համահեղինակներից մեկի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության անդամ Ջոն Գարամենդիի կարծիքով` եթե ՌՀՍ-3-ի գործողությունն ավարտվի առանց փոխարինման կամ երկարաձգման, դրա հետևանքներն աղետալի կլինեն: