Եկեղեցու հարցը Սահմանադրության փոփոխության համատեքստում դեռ չի քննարկվել․ Գալյան

Նախարարը հուսով է, որ իր մեկնաբանությունից հետո դեբատին վերջ կդրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցը Սահմանադրության փոփոխության համատեքստում դեռ չի քննարկվել։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Հաշվի առնելով եկեղեցու տեղն ու դերը մեր կյանքում և մեր պետությունում՝ կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է լինի։ Ուզում եմ նաև շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից: Եկեղեցու վերաբերյալ սահմանադրական նորմ ունենալը հնարավորություն է ապահովում եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա։ Դա չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում: Հուսով եմ՝ այս մեկնաբանությամբ այդ դեբատին վերջակետ կդնենք»,- ասաց նախարարը:
Խոսելով Անկախության հռչակագրի մասին՝ Գալյանը նշեց, որ այս հարցի հետ կապված ևս դեռ քննարկում չի եղել։ Նա վստահեցրեց՝ երբ լինի, քաղաքացիներին կներկայացվի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Սահմանադրության նախաբանում:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։