ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ։ Իրանի ղեկավարը X-ի իր էջում նշել է, որ իր այդ հանձնարարությամբ արձագանքում է տարածաշրջանում Իրանին բարեկամ երկրների խնդրանքին։
«Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին, սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ համապատասխան միջավայրում անցկացնել ազնիվ բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով», - գրել է Փեզեշքիանը։
Նա նշել է, որ այդ բանակցությունները պետք է անցկացվեն Իրանի ազգային շահերը հաշվի առնելով։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին` քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը, որը սրվել է երկրների միջև շարունակվող լարվածության ֆոնին։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին նույնպես չէր բացառել Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցությունները։