ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանը երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածները կառուցելու համար բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսօր 2025թ–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վերահաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։
Հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։
«Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ, և մեր ընկալումն այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքը, այսինքն՝ իրենց միջոցով»,– ասաց Խուդաթյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում են իրականացրել։