Ադրբեջանից ներմուծված բենզինը գնաճի վրա ազդեցություն կունենա՞. ՀՀ ԿԲ նախագահի պատասխանը

ԿԲ նախագահի կարծիքով` եթե մենք ունենանք բաց սահմաններ, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումը, ապաշրջափակումն ինչպես կարող են ազդել գների վրա։
Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի Ադրբեջանի տարածքով
Ի պատասխան Գալաստյանն ասաց, որ դեռ նմանատիպ վերլուծություն չունեն, քանի որ նմանատիպ ապրանքների քանակը բավականին սեղմ ու սահմանափակ է։
«Այնուամենայնիվ, մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք բենզինի ներմուծման արդյունքում, սակայն կարծում եմ, որ այդ ազդեցություններն էական չեն լինի»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` եթե մենք ունենանք բաց սահմաններ, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ` ներմուծման և արտահանման տեսանկյունից, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: