Ռուսաստանն ԱՄՆ-ին խոչընդոտների վերացման առաջարկներ է փոխանցել․ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին խոսելը ներկայումս դժվար է, դա կենդանի և անընդհատ գործընթաց է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լիարժեք առողջացման ճանապարհին առկա խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկներ։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Ինչպես նշված նախարարության տարածած հայտարարության մեջ, երկխոսության ընթացքում կարևոր է քննարկել իրապես նշանակալի հարցեր` ներառյալ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և Ռուսաստանի բռնագրավված դիվանագիտական սեփականության վերադարձը։
«Մենք կարծում ենք, որ պետքարտուղարությունում պատշաճ հետաքրքրություն կցուցաբերեն այս առանցքային թեմաների նկատմամբ և չեն գնա Ջո Բայդենի օրոք արդեն փորձարկված այն փակուղային ճանապարհով, երբ դրանք շաղկապվում են կողմնակի քաղաքական սյուժեների հետ»,-ասված է 2025 թվականի դիվանագիտական գործունեության արդյունքների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի շրջանակներում ԶԼՄ-ների հնչեցրած հարցերի պատասխանում։
ԱԳՆ-ից նշել են, որ այս դեպքում ամերիկացիների համար համագործակցության բավականին հեռանկարային և շահավետ հորիզոններ կբացվեն այն ոլորտներում, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ինքն է դասում իր առաջնահերթությունների շարքին. դրանք են՝ ածխաջրածինները, կրիտիկական նշանակության հանքանյութերը և հազվագյուտ հողային տարրերը, համագործակցությունը Արկտիկայում, արհեստական բանականությունը, տիեզերքը և շատ այլ ուղղություններ։
Ընդգծվում է, որ ներկա պահին դժվար է խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին, քանի որ դա կենդանի և անընդհատ գործընթաց է։
ՌԴ ԱԳՆ-ն հենվում է այն բանի վրա, որ այս պահին ռուս-ամերիկյան երկխոսությունը գրեթե անընդմեջ ընթանում է տարբեր մակարդակներում և մի քանի ձևաչափերով։
Նախարարությունից հավելել են, որ կարևոր նշանակություն ունեն ուկրաինական կարգավորման շուրջ շփումները, սակայն դա միակ թեման չէ, որն արժանի է ուշադրության և պետք է քննարկվի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։
Հուսով ենք` ՀՀ–ն չի փոխի կողմնորոշումը` համապատասխանելու հակառուսական դաշինքներին․ ՌԴ ԱԳՆ