ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Իսրայելի մարտական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Քֆարթեբնիթ և Այն Քանա բնակավայրերին։ Այս մասին հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը։
«Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Այն Քանայում գտնվող մի շենքի և երկու հրթիռով հարձակվել են Քֆարթեբնիթում ևս մեկ շենքի վրա՝ զգուշացման հրապարակումից 40 րոպե անց»,–գրում է գործակալությունը։
Իսրայելական բանակն ավելի վաղ իր արաբալեզու տեղեկատվական հարթակներում զգուշացումներ էր հրապարակել Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերին հարվածելու մտադրության մասին՝ քարտեզի վրա նշելով թիրախները և տեղի բնակիչներին կոչ անելով շտապ լքել նշված տարածքները։ Իսրայելական կողմի հայտարարության համաձայն՝ թիրախները «Հզբոլլահ» շարժման զենքի պահեստներ են։
Այսօր ավելի վաղ իսրայելական անօդաչու սարքերը մի քանի հարված են հասցրել Լիբանանի հարավին, այդ թվում՝ Անսարիա և ալ-Քալիլե բնակավայրերի միջև ընկած հատվածին, ինչի հետևանքով, ըստ Լիբանանի առողջապահության նախարարության, մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է պարբերաբար խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի համաձայնագրին։ Իսրայելական զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավի հինգ ռազմավարական կետերում, Լիբանանի իշխանությունները դա դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում։