ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանյան դպրոցներում ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են տնօրենների գործառույթների և բուլինգի դեպքերի հետ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
Նրա խոսքով՝ տեսչական մարմինը 101 ստուգում է իրականացրել և ամենաշատ խախտումներն արձանագրել հանրակրթական հաստատություններում։
«Նախադպրոցական կրթության ոլորտում ամենահաճախ հանդիպող խախտումը հիմնականում վերաբերում է զարգացնող միջավայրին և համակազմի ճիշտ ձևավորմանը, այսինքն՝ որքանով է տարիքային խմբերի համամասնությունը և սաների ընդգրկվածությունն իրականացվել օրենսդրությանը համապատասխան։ Դպրոցներում ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են տնօրենների գործառույթների հետ, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունում բարենպաստ բարոյահոգեբանական միջավայրի բացակայությանը, որն անմիջապես տնօրենի աշխատանքային գործառույթն է»,– նշեց Մատիկյանը։
Նրա խոսքով` ՀՀ կրթության տեսչական մարմինը 2025 թվականին ստացել է 195 դիմում-բողոք, որոնց ծանրակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին։ Դիմում-բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմինների, իսկ 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ։
«Վերահասցեագրված դիմում-բողոքների շարքում, բացի ԿԳՄՍ նախարարություն ուղարկվածներից, մի մասն ուղարկվել է համապատասխան ուժային կառույցներին, քանի որ դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների և դրամահավաքների դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորություններից»,– ասաց Մատիկյանը։
Ըստ նրա՝ ուսումնական հաստատություններում արձանագրվում է նաև բուլինգի դեպքերի աճ, սակայն ոչ թե դեպքերն են շատացել, այլ մարդիկ արդեն գիտեն` ինչ է բուլինգը, և նրանք դեպքերի մասին բողոք են ներկայացնում։
Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել է երեխաների նկատմամբ բուլինգի դեպքերին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեզ հայտնել էին, որ վերջին տարիներին երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ դիմումների գրեթե կրկնակի աճ է արձանագրվում։ Եթե 2021 թվականին ստացվել է 50 դիմում, ապա 2024-ին այդ թիվը հասել է 97-ի։