Նաթան սրբազանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից բացակայելու արգելքը

Փաստաբանը նշեց, որ իրենց համար մեղադրանքը պարզ չէ ու դրա վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար միջնորդություն են ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից չբացակայելու արգելքը։ Նաթան սրբազանի փաստաբան Շուշան Հարությունյանը ՔԿ–ում անցկացված հարցաքննությունից հետո հայտնեց, որ արքեպիսկոպոսին մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Պաշտպանական կողմին մեղադրանքը պարզ չէ։
«Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքն ու պաշտպանյալիս մեղադրյալ հանդիսանալու կարգավիճակը՝ կարծում եմ` հետագայում դատավարական ակտերի բողոքարկումներ կլինեն»,- ասաց նա` հավելելով, որ անպայման բողոքարկելու են խափանման միջոցի հարցը, ինչպես նաև մեղադրանքի պարզաբանմանն ուղղված քայլեր են իրականացնելու։ Արդեն իսկ դրա վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել։
Լրագրողներից մեկը հարցրեց Նաթան սրբազանին` այս որոշումը Եպիսկոպոսաց ժողովին խանգարելու նպատակ ունի՞։
«Չգիտեմ, Ոչ մի «քոմենթ» չեմ կարող անել»,– պատասխանեց նա։
Մեկ այլ լրագրող նշեց` պնդում կա, որ Գերագույն հոգևոր խորհուրդը այս կամ այն եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշում կայացնելու իրավունք չունի։
«Այո՛, ԳՀԽ–ն որոշում չի կայացրել, այլ որոշել է առաջարկել Ամենաայն հայոց կաթողիկոսին։ Որովհետև կարգալուծությունը միայն Ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհն է, և որևէ մեկը չի կարող կաթողիկոսի որոշումները չեղարկել կամ միջամտել»,– ասաց նա։
Հիշեցնենք` Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» այսօր ՔԿ են կանչվել 6 բարձրաստիճան հոգևորականներ` Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Հովնան սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Մակար սրբազանի խափանման միջոցի մասին խոսելու վերաբերյալ արգելք է դրվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։