ՀՀ մշակույթի նախկին նախարարը ազատազրկման է դատապարտվել, բայց համաներում է կիրառվել

Մշակույթի նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը չորսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել, բայց նրա նկատմամբ համաներում է կիրառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունը 2023 թվականի հոկտեմբերին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին Հասմիկ Պողոսյանն օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում:
«Հակակոռուպցիոն քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով՝ Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման. դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ»,– ասված է հաղորդագրությունում:
Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով՝ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից. կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: