ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՀՀ-ում ամբողջ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է թունավորման 21 դեպք, որոնց մեծ մասը`հանրային սննդի օբյեկտներում։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Նշենք, որ նախորդ տարվա միայն 5 ամսում սննդային թունավորման 77 դեպք էր գրանցվել, որից 14-ը պայմանավորված բոտուլիզմով, 2–ը` ստաֆիլակոկով, 5-ը` այլ մանրէային չճշտված սննդով, իսկ 56-ը` սնկերով։
«Սննդային թունավորումները մեր գլխավոր մտագոհություններից են։ 2025 թվականին արձանագրվել է թունավորվան 21 դեպք, ինչից տուժել է 64 մարդ։ Հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, խաչաձև աղտոտվածության պատճառով։ Ամենաշատ տուժածները եղել են շաուրմայանոցներից մեկում՝ թունավորվել է 12 մարդ։ Մնացած բոլոր տեղերում թունավորվել է 1-2 հոգի»,- նշեց Պետրոսյանը։
Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ այսուհետ թունավորումների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը լինելու է HACCP (Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ) համակարգի ներդրումը, որը 2026 թվականից կլինի տեսչական մարմնում։
Խոսելով արտադրական գործունեությունների կասեցումների վերաբերյալ՝ Պետրոսյանը շեշտեց՝ այդ առումով աճ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ 200 որոշում է նախորդ տարի կազմվել, որից 131-ն արդեն վերացվել է։ Մնացածը տարվա ավարտին ընթացքի մեջ էին։ Շեշտեց՝ այդ կասեցումներից 101-ը եղել է ոչ պլանային ստուգումների ու մշտադիտարկումների արդյունքում։ Կասեցումների աճը պայմանավորված է նաև քաղաքացիներից ստացված բողոքներով, ինչն ուրախացնում է Պետրոսյանին։
«2025 թվականին վարչական տուգանք նշանակելու մասին 1455 որոշում է կայացվել։ Ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 339 մլն դրամ, որոնցից տարեվերջի դրությամբ շուրջ 270 մլն դրամ է գանձվել։ 2023 և 2024 թթ․ համեմատ այս ցուցանիշն աճել է եռակի և կրկնակի։ Մեր գերնպատակը մեծ գումարների գանձումն ու հավաքագրումը չէ. փորձում ենք վերահսկողության ոլորտում կայուն վիճակ ունենալ»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։
Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Երևանի Կոմիտասի պողոտայում ԱՁ Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի կետերից մեկում սնվելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել։ Բոլորը սեպտեմբերի 15-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էին տեղափոխվել։