Ի՞նչ իրավիճակ է մսի իրացման կետերում․ ՍԱՏՄ ղեկավարը հայտնեց խախտումների նվազման մասին

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը վստահեցնում է՝ մշտադիտարկումները և վերահսկողությունը շարունակական են լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ-ում մսի իրացման կետերում մշտադիտարկումների թիվն աճել է, իսկ խախտումներինը՝ նվազել։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«2025 թվականին իրականացվել է 5301 անասնահամաճարակային մշտադիտարկում, որից 4515-ը՝ մսի իրացման կետերում, իսկ 786-ը՝ սպանդանոցներում, անասնապահական ֆերմաներում, կաթի ընդունման կետերում։ Մսի իրացման կետերում նմանատիպ քանակությամբ մշտադիտարկում անելը մեծ թիվ է կազմում, բայց խախտումների թիվը նվազել է, ինչն ուրախացնող է ու համարում ենք արդյունավետ պայքարի արդյունք։ Մշտադիտարկումները և վերահսկողությունը շարունակական են լինելու»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։
Նա նշեց, որ 314-ի մոտ խախտում է հայտնաբերվել, 265-ի նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվել։ Մսի իրացման կետերում արձանագրված խախտումների ժամանակ առգրավվել և ոչնչացվել է գրեթե 8 տոննա միս։
Խոսելով սպանդանոցների մասին՝ Տիգրան Պետրոսյանն ընդգծեց, որ 2024 թվականին դրանք ՀՀ-ում 139–ն են եղել, իսկ 2025 թվականին` 128-ը։ Ըստ Պետրոսյանի՝ չնայած սպանդանոցների թվի կրճատմանը, 31 000 տ փաստացի մորթ է իրականացվել, ինչը նախորդ տարիների համեմատ ավելի բարձր ցուցանիշ է։
ՀՀ կառավարությունը մինչև 10 հազար դրամ կտա անձին սպանդանոցային մորթի համար
Նշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը, իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։