Որոշում կկայացվի բոլոր հարցերի պատասխանն ունենալուց հետո. Փաշինյանը խոսեց նոր ատոմակայանից

ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն իր համագործակցությունը զարգացնում է տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցման որոշում կկայացվի, երբ բոլոր հարցերի պատասխանները լինեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողի այն հարցին` ՀՀ կառավարությունն արդեն կայացրե՞լ է որոշում, որ այս հարցում համագործակցելու է ԱՄՆ–ի հետ` հաշվի առնելով Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերը։
Լրագրողը նաև հիշեցրեց, որ ատոմակայաններ կառուցելու հարցում աշխարհում առաջատարը Ռուսաստանն է, ու անգամ Թուրքիան ձգտում է այս հարցում համագործակցել ՌԴ հետ։
Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Վաշինգտոնում ստորագրվել է մտադրությունների մասին 3 հուշագիր։ Դրանցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան։
Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն իր համագործակցությունը զարգացնում է տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների` Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ։
«Անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխանները ստանալուց հետո»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` որևէ փորձագետի մտահոգություն, տեսակետ չի անտեսվելու, անարձագանք չի մնալու։
Հիշեցնենք` 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։
025 թ. օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում նշված է նաև էներգետիկ ոլորտում, մասնավորապես միջուկային էներգիայի շուրջ համագործակցության մասին։