ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը հոգևորականների մասին անբարոյականություն էր. Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահի խոսքով` իշխանությունը եկեղեցին ուզում է սարքել անձնական օգտագործման ինչ-որ բան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Միրզոյանի՝ ԵԽԽՎ-ում արած պնդմանը, թե հոգևորականները բռնի ուժով փորձել են զավթել իշխանությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել էր, թե ՀՀ-ում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ Նա հավելել էր, որ որոշ հոգևորականներ կոչեր են արել բռնի ձևով հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը։
«Լուրջ մեղադրել, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, աբսուրդ է։ Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա, և տպավորություն է, որ ուզում են եկեղեցին սարքել անձնական օգտագործման ինչ-որ բան»,– ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ԵՄ առաջատար երկրներն ու հեղինակավոր կառույցները հստակ գնահատական չեն տալիս Հայաստանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ եկեղեցու հետ կապված խնդիրներին, Քոչարյանը նշեց, որ ԵԽ-ում և ԵԽԽՎ-ում հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է։
«ԵՄ դիվանագիտության ղեկավարը Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասն է։ Նա Էստոնիայի վարչապետ եղած ժամանակ ասում էր, որ Ռուսաստանը պետք է մասնատել երեք մասի. սա կոնկրետ եմ մեջբերում։ Այսինքն՝ ՌԴ-ին հարևան փոքր երկիրը ո՞նց է այդ մեծ հարևանին բաժանում երեք մասի։ Նման հայտարարություններ անելիս նա իր երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածո՞ւմ էր, թե՞ ոչ։ Հիմա այդ հոգեբանությունն ունեցող մարդը դարձել է ԵՄ համար մեկ դիվանագետը և նույն տրամաբանության մեջ է։ Եվ ԵՄ-ից եկած բոլոր հայտարարությունները ծայրահեղ քաղաքականացված են ու հաճախ իրականության հետ աղերս չունեն»,– նշեց Քոչարյանը։
ՀՀ 2-րդ նախագահի կարծիքով՝ այժմ ԵՄ-ն խոսում է ԱՄՆ «ատոմային թիկունքից» և ինչ ուզում՝ ասում է։ Սակայն, ըստ նրա, ԱՄՆ նախագահ Թոնալդ Թրամփի` ԵՄ–ի հետ կապված քաղաքականությունը կարող է նրանց սթափեցնել։