ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀՀ զինվաած ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով շնորհարական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։
«Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար: Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել»,- իր ուղերձում է նշել է Քոչարյանը։
Նա հույս է հայտնել, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն:
«Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին։ Հավերժ փառք և երախտագիտություն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»,- նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։
Նրա անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել հերոսների անմահ հիշատակին:
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: