ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ԱՄՆ–ն Իրանի վրա հարձակվելու դեպքում զգալի կորուստներ կկրի։ Այս հայտարարությունն արել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլլա Սայարին` արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ Իրանի ափերին է մոտենում ԱՄՆ–ի հզոր ռազմածովային նավատորմը: Նա նշել է, որ Իրանի ժամանակը սպառվում է, և կոչ Է արել Թեհրանին ավելի արագ նստել բանակցային սեղանի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է իրանական «ISNA»–ն, Սայարին ընդգծել է, որ զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել Իրանի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և իսլամական ռեժիմը։ Նա ավելացրել է` սպառնալիքների բնույթը՝ լինի դա ծովային, ցամաքային, թե օդային, չի ազդում բանակի մարտունակության վրա:
Սայարին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 1980 թվականից իրականացնում է «մկանների ցուցադրում»՝ ձգտելով վախեցնել խոշոր ռազմանավերի և ռազմական տեխնիկայի տեղակայման միջոցով:
Սայարիի խոսքով՝ նման ցուցադրումները միտված են ճնշում գործադրելուն, սակայն Իրանը չի վախենում դատարկ սպառնալիքներից: Նա զգուշացրել է, որ Իրանի վրա ցանկացած հարձակում միակողմանի չի լինի, և հակառակ կողմը նույնպես զգալի վնաս կկրի:
Հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։