ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի հանձնաժողովում հայտարարել է, որ վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Վենեսուելայի իշխանությունների հետ հանրապետությունում թմրակարտելների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ:
Նա նշել է, որ Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա տիկնոջ առևանգման գործողությունը կարող էր ձախողվել, քանի որ դրա հաջողությունը կախված էր սահմանափակ ժամանակահատվածում բազմաթիվ գործոնների միաժամանակյա համընկնումից:
«Մենք ուզում էինք թուլացնել իրանական, ռուսական կամ չինական ազդեցությունը այդ երկրում: Այդ ամենը հնարավոր չէր լինի, քանի դեռ Մադուրոն իշխանության ղեկին էր»,-ասել է Ռուբիոն:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ այս փուլում Վենեսուելայում նոր ռազմական գործողություն չի ծրագրում։ Վաշինգտոնը Վենեսուելայում ռազմական ներկայություն չի ցանկանում, դա կսահմանափակվի ամերիկյան ծովային հետևակայինների կողմից դեսպանատան պահպանությամբ:
Հունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն թմրակարտելների դեմ ցամաքային գործողություններ կսկսի Լատինական Ամերիկայում։
Միացյալ Նահանգների առաջնորդը բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային հարվածներ սկսել թմրակարտելների դեմ՝ ընդգծելով, որ գործողությունները չեն սահմանափակվի միայն Վենեսուելայով: Անցյալ տարվա դեկտեմբերին Թրամփը կրկին խոստացել էր անցնել ցամաքային գործողությունների, սակայն գործնականում դա արտահայտվեց միայն հունվարի 3-ին Կարակասին հասցված զանգվածային հարվածով, որի արդյունքում առևանգվեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը: