ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Լենինգրադի շրջափակման ամբողջական ավարտի օրը երևանցիները և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին։
Հիշատակի արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ:
«Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողի մոտ
© Sputnik
Ռուս դիվանագետը նշել է, որ կարևոր ավանդույթ է դարձել այսօր՝ 1944 թվականին Լենինգրադի լիակատար ազատագրման օրը, հավաքվել այս վայրում։ Կոպիրկինը հավելել է, որ հարգանքի տուրք է նրանց, ովքեր մարտնչել են հանուն ընդհանուր հաղթանակի։
«Սա հարգանքի տուրք է շրջափակված Լենինգրադի բնակիչների աննախադեպ հերոսությանը, արիությանը, տոկունությանը և հայրենասիրությանը, ովքեր վերապրեցին սարսափելի ողբերգությունը և շատ ավելի ուժեղ գտնվեցին, քան նրանք, ովքեր փորձում էին ստիպել նրանց հանձնվել: Այդ իրադարձությունների հիշատակը պահպանելը մեր սուրբ պարտականությունն է: Սա մեր բարոյական պարտքն է մեր նախնիների առջև: Սա այն է, ինչն անհրաժեշտ է, որպեսզի մեր ժողովուրդները, մեր երկրները ապրեն խաղաղության մեջ և բարգավաճեն: Նա, ով չի հիշում իր պատմությունը, դատապարտված է ողբերգության կրկնությանը: Իհարկե, ժամանակ առ ժամանակ մենք վերաիմաստավորում ենք մեր պատմության որոշ երևույթներ ու իրադարձություններ: Դա նորմալ է, բայց կան հաստատուն արժեքներ, որոնք մենք իրավունք չունենք մոռանալու»,– նշել է Սերգեյ Կոպիրկինը։
Այսօր՝ օրվա ընթացքում, տեղի կունենան նաև հիշատակի միջոցառումներ, որոնք կազմակերպվել են «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժման կողմից: «Եվրասիա» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված շարժման նպատակը պատմական հիշողությունը հաջորդ սերունդներին փոխանցելն է, նրանց տեղեկացնելը, թե ինչ գնով է մարդկությունը հասել հաղթանակին, ինչպես նաև խթանել պատմության հետ անձնական կապի գիտակցված զգացումը:
«Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողի մոտ
© Sputnik
Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում դպրոցականների և ուսանողների հետ, կազմակերպության ակտիվիստները հարգանքի տուրք են մատուցում շրջափակման վետերաններին, որոնց կուղարկվեն անձնական շնորհավորանքներ և աջակցություն «Եվրասիայի առաջնորդների ասոցիացիայից»։
Կազմակերպության տարածքում գտնվող դահլիճում ժամը 15:00-ին կցուցադրվի պաշարված քաղաքում 1942 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմ:
Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է մոտ 100 հազար հայ, որոնցից ավելի քան 20 հազարը զոհվել են։ Տասըհայ զինվոր արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Հայաստանը փրկություն է դարձել հարյուրավոր որբ երեխաների համար. միայն Սանահին գյուղում ապաստան և խնամք են ստացել ավելի քան 200 փոքրիկ լենինգրադցիներ: