Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը։
Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը
© Sputnik
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ դատարանի դահլիճում են սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Դատին ներկա են նաև Արագածոտնի թեմի կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (տեր Թադե), որոնք և հայց են ներկայացրել բարձրաստիճան հոգևորականների դեմ։
Հիշեցնենք` 2025 թ. հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։