Ինչպե՞ս հասնել իշխանափոխության․ քաղտեխնոլոգը առաջարկ է անում

Քաղտեխնոլոգի Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանությունն ընտրություններից առաջ խնդիր ունի հանրությանը հնարավորինս պասիվացնել ու մարդկանց ապատիայի մեջ գցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանական ընտրություններին մարդկանց բարձր մասնակցություն ապահովել։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ու հնարավոր զարգացումներին։
Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
«Սովորական ընտրություններ չեն, դրանք գոյաբանական են լինելու։ Հենց այս ընտրություններից պարզ կլինի, թե Հայաստանը որ ուղով կգնա կամ առհասարակ կգնա, թե ոչ։ Այս առումով իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ լուրջ են վերաբերվում ընտրություններին։ Հենց իշխանության համար են այս ընտրությունները գոյաբանական, քանի որ իշխանությունը կորցնելու դեպքում նրանք բոլոր լծակները կկորցնեն։ Ընդդիմության համար սա լեգիտիմ շանս է՝ իշխանափոխություն իրականացնելու, բայց ուժերի հարաբերակցություններից է կախված՝ ինչ իրավիճակ կստեղծվի։ Պետք է այնպես անել, որպեսզի մասնակցությունը շատ ակտիվ լինի, վերջին տարիների համեմատ աննախադեպ շատ»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ հանրությունը փոփոխություն ցանկանում է, բայց պետք է դեռ հասկանալ, թե դրա հետ մեկտեղ ինչ վարքագիծ կդրսևորի։ Այսինքն՝ կմասնակցեն ընտրություններին, թե ոչ, ինչ ուժերի կընտրեն, կամ կգտնեն իրենց համար ճիշտ կուսակցությանը և այլն։
Ըստ քաղտեխնոլոգի՝ առաջին հերթին ընտրություններին ակտիվ մասնակցությունն ընդդիմության խնդիրն է, քանի որ իշխանությունը սովորաբար ավելի պասիվ է լինում ու իր ընտրազանգվածին կարողանում է բերել ընտրությունների տարբեր մեթոդներ գործածելով։ Նրա խոսքով՝ իշխանությունն ընտրություններից առաջ խնդիր ունի նաև հանրությանը հնարավորինս պասիվացնել ու մարդկանց ապատիայի մեջ գցել։
Հակոբյանի պնդմամբ՝ այսօր մոտ 40-42%-ն է, որ կողմնորոշված է՝ ընդդիմությանն են ընտրելու, թե իշխանությանը, այսինքն պետք է մնացած 60%-ին կարողանալ ընտրատեղամաս բերել։
«Մասնակցության բարձր շեմը կբացառի Նիկոլ Փաշինյանի վերարտադրման խնդիրը։ Օրինակ՝ եթե 1 մլն մարդ մասնակցի ընտրություններին, ապա Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու հավանականությունն ավելի շատ է, իսկ օրինակ՝ 1,200 000 մարդու մասնակցության դեպքում այդ տոկոսը զգալի կնվազի։ Անգամ, եթե իր «սփոյլեր» կուսակցույթունները կարողանան հավաքել ինչ-որ քանակությամբ ձայներ, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանին 50+տոկոս ձայն չի հաջողվի ստանալ ու իշխանություն ձևավորել»,- ասաց Հակոբյանը։
Փորձագետը շեշտեց՝ ընդդիմությունը պետք է փորձի ներկայանալ որպես այլընտրանք ու մարդկանց չպետք է հիասթափեցնի, քանի որ շատերին դուր չի գալիս, որ ընդդիմադիրները մի քանի բևեռով են հանդես գալիս։
Ընդգծեց՝ բոլորն էլ հասկանում են, որ միասնական մեկ բևեռ չի լինելու, այլ լինելու է 2, 3, նույնիսկ 4 բևեռ։ Ըստ քաղտեխնոլոգի՝ խոսքը խոշոր կուսակցությունների մասին է։
Հակոբյանի կարծիքով՝ այդ կուսակցությունները միասին պետք է մեկ ընդհանուր հուշագիր ստորագրեն, որ չնայած տարբեր բևեռներով հանդես գալուն, միևնույնն է՝ իրենց նպատակը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այսինքն՝ ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ՝ պետք է գործեն մեկ նպատակի համար։
Հակոբյանը նաև խոսեց ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավոր մեխանիզմների օգտագործումից։ Նա շեշտեց, որ իշխանություններն անպայման կկիրառեն դրանք, այդ թվում օգտագործելով մոլդովական սխեմաները։
«Եվրամիությունը շատ լավ հասկանում է, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Բայց ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը իրեն ապահովագրել է ասելով, թե ՀՀ–ն է իրենց դիմել, իրենք էլ օժանդակելու են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարում»,- ասաց քաղտեխնոլոգը։
Փորձագետը նաև նշեց, որ իշխանություններն ընտրություններին փորձելու են օգտագործել նաև վարչական, ուժային ռեսուրսներ։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն է արել նաև «Հանրապետություն» կուսակցությունը։