Հայաստանում փոքր օդանավակայանների գործարկման ժամկետներ սահմանված չեն. ՏԿԵՆ

2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունն ուսումնասիրում է փոքր օդանավակայանների վերագործարկման ու շահագործման հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանում փոքր օդանավակայանների գործարկման կոնկրետ ժամկետներ դեռ չկան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
2025 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է ինչպես Սյունիքի տարբեր շրջաններում՝ Շինուհայրում, Սիսիանում, այնպես էլ հանրապետության տարբեր քաղաքներում գտնվող փոքր օդանավակայանների վերագործարկման ու շահագործման հնարավորությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ «Սիսիան» և «Գորիս» օդանավակայանները լեռնային տեղանքում տեղակայված օդանավակայաններ են՝ Զանգեզուրի լեռնաշղթայի և Սյունիքի բարձրավանդակի համեմատաբար բաց հովտային հատվածներում։ Ֆիզիկաաշխարհագրական և լեռնային բարդ պայմանները ձևավորում են եղանակակլիմայական պայմանների արտահայտված բազմաբնույթ ռեժիմ, ինչն էլ իր հերթին մեծ ազդեցություն ունի թռիչքների իրականացման և անվտանգության պահպանման վրա։
Ըստ գերատեսչության` մասնագիտական վերլուծությունները և եղանակակլիմայական պայմանների համեմատական բնութագրերը ցույց են տալիս, որ «Գորիս» և «Կապան» օդանավակայաններն ունեն ֆիզիկաաշխարհագրական, մթնոլորտի ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ շրջանառության գրեթե նույն պայմանները, հետևաբար նաև թռիչքների համար նույնական են դրանց եղանակակլիմայական պայմանները։
«Ներկայում փոքր օդանավակայանների գործարկման ծրագրեր կամ ժամկետներ սահմանված չեն», - եզրափակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ 2024 թվականին հայտնել էր, որ ուսումնասիրվել է Գորիսի և Սիսիանի օդանավակայանների վերագործարկման հարցը, և որոշվել է առաջին փուլով վերագործարկել Սիսիանի օդանավակայանը։