ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Քաղաքական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, արհամարհում է ժողովրդավարական նվազագույն կանոնները։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ անընդունելի է ՔՊ-ի կողմից «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հապճեպ փոփոխությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ արտահերթ նիստով 24– ժամյա ռեժիմով քննարկվում են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունները։
«Արհամարհվում են իրավական նվազագույն պարտավորությունները. որոշել են ուժի զոռով այս նախաձեռնությունն ընդունել և ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններին ընդառաջ իրականացնել փոփոխություններ»,– ասաց նա։
Մինասյանի խոսքով՝ ԱԺ խորհրդի նիստում առաջարկել են հետաձգել նախագծի քննարկումը և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ դիտորդական և միջազգային կազմակերպությունների հետ քննարկել օրենսդրական փոփոխությունները, ապա նոր որոշում կայացնել, սակայն իշխող ուժը մերժել է առաջարկը։
«Սա հերթական փորձն է ընտրական գործընթացներն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու և ընտրակեղծիքներն օրինականացնելու»,– նշեց նա։
«Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի այս օրենքի նախագծի քննարկմանը, և նրանք դուրս եկան դահլիճից։
Դրանից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց 65 կողմ ձայնով։ Փոփոխությունների նախագիծն ավելի ուշ ընդունվեց 2-րդ ընթեցմամբ։
Հիշեցնենք` օրենքի փոփոխություններով սահմանվում է, որ միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություններում ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող: Դիտորդական առաքելությունների անունները չեն կարող ասոցացվել թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, և որոնց կառավարման մարմնի կազմում (բացառությամբ ժողովի) որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով։