ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքերը կատարվում են արտակարգ ռեժիմով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Նրա խոսքով` ինտենսիվ ձյան պայմաններում ՀՈԱԿ–ի շուրջ 500 աշխատակից այժմ զբաղված են ձնամաքրման աշխատանքներով, որոնցից 400–ը, չսպասելով ձյան ավարտին, մաքրում են Երևանի վերնանցումները, գետնանցումները, աստիճանավանդակները, այգիները, պուրակներն ու անցուղիները։
«Այս պահին մոտ 40 միավոր տեխնիկա է աշխատում, այդ թվում ՝ բեռնատարներ, ինքնաթափեր, տրակտորներ, հատուկ տեխնիկա` վարչական շրջաններին աղ ու ավազով ապահովելու համար։ Համայնքատիրությունների և վարչական շրջանների աշխատակիցներն էլ ստացված աղ ու ավազով մշակվում են բակային տարածքները»,–ասաց Բեգոյանը։
Նրա խոսքով` քանի որ ձյունն առատ է, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան չէր բավականացնի քաղաքը մաքրելու համար։
«Մենք ունենք քաղաքային իշխանությունների կողմից կազմված պլան, որ նման դեպքերում մեր տեխնիկան էլ միանա ԵԱՍՄ հիմնարկին։ Պարզ է, որ կատարված աշխատանքը կրկնակի, եռակի է լինելու, որովհետև ձյունը շարունակում է ինտենսիվ տեղալ։ Անհրաժեշտության դեպքում իմ կողմից կտրվի հրաման, որ աշխատանքային օրը չավարտվի և աշխատանքները կազմակերպվեն նաև գիշերային ժամերին»,–ասաց նա։
ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց ողջ տեխնիկան ձյան տեղումներից առաջ` առավոտյան ժամը 10.30–ից, եղել է լիովին բացազատված և պատրաստված մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում։
«Այս պահին ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 47 տարբեր տրամաչափի մեքենաներն իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ ամբողջ մայրաքաղաքի տարածքում։ Աղով և ավազով մշակվում են ճանապարհները»,–ասաց նա։
Կատվալյանի խոսքով` միակ բարդությունն այն է, որ եթե տեղումները ցերեկային ժամերին են սկսվում, խցանումների պատճառով հիմնարկի մեքենաները միշտ չէ, որ կարողանում են ժամանակին վարչական շրջաններ հասնել, հատկապես, երբ մյուս վարորդները հիմնարկի մեքենաներին չեն զիջում։
Նա հորդորեց վարորդներին բավականաչափ հեռավորություն պահպանել ԵԱՍՄ հիմնարկի աղ ու ավազ տեղափոխող մեքենաներից, քանի որ ճանապարհների մշակման ժամանակ կարող են վնասվել մյուս մեքենաների դիմապակիները։
Հավելենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրել էր, որ եղանակային բարդ պայմանների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է մաքրման աշխատանքների ժամանակային փոքր ուշացում՝ պայմանավորված ճանապարհային իրավիճակով և տեխնիկական բարդություններով։