ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ Հայաստանի քրդական համայնքը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ Թուրքիայի կառավարության կողմից աջակցվող սիրիական իսլամիստների գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչների շարքերում է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանով
© Sputnik / Aram Nersesyan
«Էրդողան՝ տեռորիստ», «Շարաֆան՝ տեռորիստ» վանկարկումներով,ՀՀ քրդական համայնքը երթով հասավ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Սակայն ակցիայի մասնակիցները գրասենյակի դիմաց հայտարարեցին, որ ակցիային միացել են նաև ՀՀ ազգային մյուս փոքրամասնությունները՝ եզդիներն ու ասորիները։
«Ցանկանում ենք մեր բողոքներն ու դժգոհությունները բարձրաձայնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ ակնկալելով, որ դուք կդառնաք մեր ձայնը աշխարհին լսելի դարձնելու հարթակ։ Մենք չենք ընդունում և խստորեն դատապարտում ենք ժողովուրդների կոտորածի, բնության ոչնչացման վրա հիմնված շուկայական հարաբերությունների մտածելակերպը»,– ասացին ակցիայի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե Թուրքիան աջակցում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին գլուխ բարձրացնի, ու կոտորածները շարունակվեն։
Քրդական համայնքի բողոքի ակցիան Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք հիշում ենք նաև «Իսլամական պետության» կազմակերպված անկարգությունները Եվրոպայում, թե ինչպես էին հիմնարկների, խանութների հրկիզումները, անմեղ ժողովուրդներին վրաերթի ենթարկելը, կողոպուտները, պայթուցիկներով ահաբեկելու փորձերը։ Այս ամենը վերհիշելն անգամ սարսափելի է. քրդերի հանդեպ բարբարոսական գործողությունների նկատմամբ աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին, որն աշխարհը կտանի կործանման»,– հայտարարեցին մասնակիցները։
Քրդական համայնքի բողոքի ակցիան Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
Հավաքվածները կոչ արեցին ՄԱԿ-ին և մարդասիրական կառույցներին աջակցել քրդական համայնքին, քանի որ մարդկային իրավունքների պաշտպանությունը միասին խաղաղ ապրելու գրավականն է։ ՄԱԿ-ի աշխատակիցները վերցրին նամակը։
Քրդական համայնքի բողոքի ակցիան Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ գրավել էին Հալեպ քաղաքի քրդաբնակ Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները: Այնուհետև նրանք բավական արագ ստիպեցին քրդական ուժերին հեռանալ Դեյր-Հաֆիրից։