ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանում մինչ այս պահը միայն մեկ արձանագրված դեպք կա որևէ մեկին ծրարով փող տալու։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե ընդդիմության շարքերից շատերը ծրարով գումար են ստացել Վատիկանում նախկին դեսպան, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից։
«Ինձ համար ականջ ծակող էր այն, որ Փաշինյանն ասում է` թալանածը հավաքել ենք ու պարգևավճար տվել։ Բա, դուք եկել էիք, որ թալանածը հավաքեիք, ժողովրդին տայի՞ք, թե՞ պարգևավճար ստանայիք։ Խոսում եք` ծրարով փող բաժանելու մասին, եթե դա նախկինում արատավոր երևույթ էր, ապա հիմա ինչո՞ւ եք դուք նույնն անում, ուղղակի պետական բյուջեից։ Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանից ծրարով փող վերցնելուն, ապա մինչև այս պահը միակ արձանագրված դեպքը, երբ Մինասյանը որևէ մեկին ծրարով գումար է տվել, դա, ցավոք, Դուք եք»,– ասաց Գրիգորյանը Փաշինյանին։
Այս և Գրիգորյանի մյուս հայտարարությունները մի պահ հունից հանեցին Նիկոլ Փաշինյանին, և նա վստահեցրեց, թե պարգևավճար տալով` իրենք ուժեղացնում են աղքատությամբ զբաղվող համակարգը, քանի որ պետական համակարգի արդյունավետ աշխատանքից է կախված երկրում աղքատության մակարդակի նվազեցումը։
«Սա ներդրում է երկրում աղքատությունը վերացնելու ուղղությամբ… Ու, ընդհանրապես, այդ ի՞նչ եք դուրս տալիս` ի՞նչ է նշանակում, թե ապացուցված դեպք կա, որ Միշիկը ինձ ծրարով գումար է տվել…Միշիկն էլ է գլուխը պատով տվել, ասողն էլ է պատին տվել, կասկածողն էլ հետը»,– բղավեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ ծրարով գումար տալու հետ կապված կա հարուցված քրեական գործ, որի մասին ՀՀ իրավասու մարմինները կտան անհրաժեշտ պատասխաններ։