ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներ արդեն մի քանի օր է՝ գործադուլ են անում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձն ու բարելավել ձեռնարկության աշխատանքային պայմանները:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ակտիվիստ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ գործադուլին միացել են մոտ 50-60 աշխատակիցներ․ դա ձեռնարկության աշխատակիցների մոտ 10 տոկոսն է (ընդհանուր աշխատակիցների թիվը 450-500 է– խմբ․)։
«Խոսքը հիմնականում հորատողների մասին է, որոնք ծանր և վտանգավոր ֆիզիկական աշխատանք են կատարում»,- նշեց Դուլգարյանը։
Նրանց աշխատավարձի մոտավոր չափն այժմ 200-300 հազար դրամ է։ Ղեկավարության հետ քննարկումներն արդյունք չեն տվել։ Ավելին, աշխատողների բողոքից հետո ձեռնարկության ղեկավարությունը թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ է տվել, ինչն էլ ավելի է զայրացրել աշխատակիցներին։
«Զուգահեռ մի քանի աշխատակիցների սպառնացել են աշխատանքից ազատումներով»,- հայտնեց Դուլգարյանը։
Նրա խոսքով՝ այսօր ևս հանդիպում է տեղի ունեցել, բանակցություններ են ընթացել գործադուլ անող աշխատակիցների և կոմբինատի ղեկավարության միջև, բայց կրկին անարդյունք։
Հիշեցնենք՝ անցյալ տարեվերջին կոմբինատի գլխավոր տնօրեն Վիլեն Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ձեռնարկությունը նախատեսում է դիմել կարգավորող մարմիններին՝ արդյունահանման թույլատրելի ծավալն ավելացնելու համար (ենթադրաբար՝ 2027 թվականին)։
Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը հանքաքար չի արդյունահանում համանուն հանքավայրից, որը շահագործվել է մինչև 1988 թվականը: 2001 թվականին կոմբինատի վերագործարկումից ի վեր օգտագործվում է Շամլուղի հանքաքարը։ 2024 թվականին ձեռնարկությունն արդյունահանել և վերամշակել է 350 հազար տոննա հանքաքար։
Կոմբինատը 2014 թվականից պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանգուցյալ գլխավոր տնօրեն և բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի ընտանիքին: