ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Մոսկվայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած Ահմաջոն Կուրբոնովին։ Դատարանը նաև 1 մլն ռուբլի տուգանք է սահմանել նրա նկատմամբ։
Ադրբեջանում ծնված Ռոբերտ Սաֆարյանը, որ փոխանցել է պայթուցիկները, դատապարտվել է 25 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։ Առաջին 9 տարին նա կանցկացնի բանտում:
Ինգուշեթիայում ծնված Բատուխան Տոչիևը և Ռամազան Պադիևը, որոնք բնակարան են հանձնել կատարողին, դատապարտվել են համապատասխանաբար 22 տարվա (առաջին 8 տարին բանտում) և 18 տարվա (առաջին 6 տարին բանտում) ազատազրկման, ինչպես նաև 200 հազարական ռուբլու չափով տուգանքների:
Հետաքննության տվյալներով՝ Ուզբեկստանի քաղաքացի Կուրբոնովը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ գեներալ Կիրիլովի տան մուտքի մոտ էլեկտրական սկուտեր է թողել, որի ղեկին ռադիոկառավարվող ռումբ է եղել։ Դրանից հետո ահաբեկիչը նստել է վարձակալած մեքենան և իրադարձությունները տեսահեռարձակել Ուկրաինա։ Այն պահին, երբ գեներալ Իգոր Կիրիլովը և նրա օգնական մայոր Իլյա Պոլիկարպովը դուրս են եկել տնից, որոտացել է պայթյունը, ինչի հետևանքով երկու սպաները զոհվել են։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ տվյալ ահաբեկչությունն իրականացնելու համար Կուրբոնովին խոստացել են 100 հազար դոլար, նոր փաստաթղթեր և կացության կարգավիճակ Եվրամիության երկրներից մեկում: