ՔՊ–ն ուղիղ եթերում 3 օր ընտրություն կանի 2026-ի նախընտրական ցուցակը կազմելու համար․ ԶԼՄ

ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար պատրաստվում է 3 օր շարունակ ուղիղ եթերում ընտրություն կատարել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում և վարչությունում թեժ քննարկվում է, թե 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար ինչ կարգ ընտրել։ Մեր տեղեկությունների համաձայն` նախնական որոշված է, որ կրկին 1000 պատվիրակ է ընտրվելու ու երեք օր շարունակ, ուղիղ եթերի ռեժիմով ներքին ընտրություն է կայանալու: Այսինքն` ՔՊ-ական պատվիրակները գալու են ու ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ՔՊ–ի 2026թ–ի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը։ Այնուհետև պատվիրակները կորոշեն՝ որ ՔՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին:
Թերթի տեղեկություններով՝ այս ընտրություններինց հետո միայն ՔՊ-ն արտահերթ համագումար կանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են ՔՊ ցուցակի առաջատարները:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյան կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։