Ներկա գործընթացները կնվազեցնեն ռազմական ռիսկերը. Խանդանյանը` ԱՀԾ–ի մտահոգության մասին

Սարգիս Խանդանյանը վստահ է, որ 2026 թ.–ին ԱՀԾ–ի կանխատեսումը դրական փոփոխություն կունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա գործընթացներն էականորեն կնվազեցնեն ռազմական գործողությունների հնարավոր ռիսկերը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ՝ Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի վերաբերյալ մտահոգությանը։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարեկան զեկույցում ռիսկային է համարել Ադրբեջանի կողմից ռազմական հատկացումների շուրջ 44% աճը, այն դեպքում, երբ մյուս ոլորտների ֆինանսավորումն աճել է ընդամենը 7.4%-ով։
Խանդանյանը նշեց, որ զեկույցն ամբողջ 2025 թվականին է վերաբերում, իսկ այդ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։
«Նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել են իրադարձություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Այդ գործընթացները ենթադրում են, որ վտանգներն ու ռիսկերը մեծ առումով կմեղմվեն՝ հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված։ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, սկսել են որոշակի առևտրաշրջանառություն և այլն»,– ասաց նա։
Խանդանյանի կարծիքով՝ 2026 թվականն ամփոփող զեկույցն ավելի լավատեսական կլինի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից շրջանառվող «արևմտյան Ադրբեջան» և «ադրբեջանցիների վերադարձ» խոսույթներին, որոնք, ըստ ԱՀԾ-ի, չեն նվազել անգամ վաշինգտոնյան համաձայնությունից հետո, Խանդանյանը նշեց, որ ՀՀ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է՝ նման ձևակերպումներն օգտակար չեն խաղաղության համար։
«Պետք է խոստովանեմ, որ որոշ առումով մեղվել է ադրբեջանական խոսույթը, սակայն մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը»,– շարունակեց Խանդանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` կարո՞ղ ենք հստակ ասել, որ ադրբեջանցիների «վերադարձ» ՀՀ չի քննարկվում, պատգամավորը պատասխանեց` ՀՀ իշխանությունները որևէ փուլում նման հարց չեն քննարկել և չեն քննարկի՝ հատկապես ադրբեջանական շեշտադրումներով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։