ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով է արձագանքել այն հայտարարությանը, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հրաժարվել է միանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։
«Նա դա ասե՞լ է։ Դե, նա ոչ ոքի պետք չէ, քանի որ շատ շուտով լքելու է իր պաշտոնը»,–պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին։
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա, ու այդ դեպքում Մակրոնը կմիանա նախաձեռնությանը։
«Բայց պարտադիր չէ, որ նա միանա», – հավելել է Թրամփը։
Նշենք, որ Գազայի հատվածի կառավարման համար «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր է ստացել մոտ 60 երկիր։ Հրավեր են ստացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ «Bloomberg»-ը հայտնել էր, որ Մակրոնը չի ընդունի ԱՄՆ նախագահի` «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կազմակերպության կանոնադրությունը, որը պահանջում է 1 մլրդ դոլարի ներդրում (մշտական անդամակցության համար) և վճռորոշ ձայնի իրավունք է տալիս Թրամփին, լուրջ մտահոգություններ է առաջացնում եվրոպական շրջանակներում։ «Reuters»-ը գրել է, որ Ֆրանսիան մտադիր է հրավերն այս փուլում մերժել նաև այն պատճառով, որ նախաձեռնությունը կասկածի տակ է դնում ՄԱԿ-ի դերը։