ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում, սպառնում նրանց՝ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին միանալու համար (կաթողիկոսը նրան պաշտոնանկ է արել, դատարանը պաշտոնում վերականգնելու համար միջանկյալ միջոց է կիրառել-խմբ․)։ Այս մասին հայտարարություն է տարածվել Մասյացոտնի թեմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում (ներկայում 2 էջեր կան, որոնցից մեկը վարում են կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակված Ռուբեն վարդապետ Զարգարյանի կողմնակիցները, մյուսը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի- խմբ․)։
«Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ ահազանգի՝ որոշ դեպքերում քահանաներից պահանջել են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։
Հորդորներին, առաջարկներին և ճնշումներին քահանաները չեն ենթարկվել։
«Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից»,- շեշտում են թեմից։
Ըստ հաղորդագրության՝ ամենախիստ և սպառնալից խոսքերը հիմնականում արվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։