Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհին բուք է, և այն անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը` ներկայացնելով ՀՀ ճանապարհների վիճակը ժամը 9։00–ի դրությամբ։
Նշվում է, որ Քեթիի, Մեղրու լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Ինչպես վարդագույն քաղաքը դարձավ սպիտակ հեքիաթ
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են նաև, որ Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, իսկ Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։