ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժզննությամբ պարզվել էր, որ արդեն 10–րդ օրը հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապօգնություն են կանչել։ Շտապօգնության անձնակազմը որոշել է նրան տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։
«Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է, և քիչ առաջ Նարեկին հետ տարան բանտ»,–գրել է Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։