ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը ցավ է պատճառել ավելի քան 100 հազար արցախցիների։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Մենք հիմա տեսնում ենք 180 աստիճանով փոխված սրբազան»,- ասաց նա։
Իսկանդարյանը հավելեց, որ թեմի առաջնորդի հետ հանդիպելու, պարզաբանումներ ստանալու հնարավորություն չի ունեցել, ուստի չի ցանկանում այս պահին ենթադրություններ անել, թե որն է նրա՝ «բարենորոգման արշավին» միանալու պատճառը։
Արցախի պետնախարարը շեշտեց՝ իր համար այս որոշումը չափազանց անսպասելի էր, առավել ևս այն դեպքում, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ամուր կանգնած է Արցախի և Արցախի իշխանությունների կողքին։
«Մենք զորակցություն ենք հայտնում և պատրաստ ենք նրա ցանկացած կոչով լինել այնտեղ, որտեղ պահանջվում է»,- ասաց նա։
Իսկանդարյանը հիշեցրեց, որ թեմի առաջնորդի վերաբերյալ իրենց մտահոգություններն արդեն հայտնել են վեհափառ հայրապետին և սպասում են նրա որոշմանը։
Նա հավելեց, որ «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը (Դադիվանքի նախկին վանահայր. խմբ․) ամուր կանգնած է Մայր աթոռի ու վեհափառի կողքին, և կարծում է՝ պետք է համախմբվել նրա շուրջը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։