Հայտնի է գվարդիայի 2 ծառայողի վրաերթի ենթարկած մեքենայի վարորդի և ուղևորի ինքնությունը

Ոստիկանությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է փոշենման զանգված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Երևանում ոստիկանության գվարդիայի 2 ծառայողի «Մերսեդես» մակնիշի մեքենայով վրաերթի ենթարկած վարորդի և նրա ուղևորի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ հունվարի 15-ին, ժամը 21։30-ի սահմաններում «Մերսեդեսի» վարորդը Երևանի Գյուրջյան փողոցում կասկածելի վարքագիծ է դրսևորել՝ դուրս է եկել մեքենայից ու ինչ-որ բան փնտրել։ Տղամարդը, նկատելով իրավապահներին, նստել է մեքենան և դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ և վրաերթի ենթարկել 2 ծառայողի։ Չենթարկվելով «կանգ առ» հրահանգին՝ վարորդը մեքենան վարել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
«Պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 34 և 35 տարեկան տղամարդիկ են։ Վերջինները ձերբակալվել ու տեղափոխվել են համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,92 գրամ փոշենման զանգված, որը, ըստ նրա, կոկաին է։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
ՆԳՆ-ից նաև նշում են, որ վրաերթից վնասվածքներ ստացած գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։
Երևանի 2 բնակչի մոտ շուրջ 3 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. կա կալանավորված
Հիշեցնենք, որ տղամարդկանց հետապնդելու ժամանակ գվարդիայի ծառայողերից մեկն իրեն ամրակցված զենքով արձակել է նախազգուշական կրակոց, սակայն վարորդը շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավիճակով պայմանավորված՝ կրակ է արձակվել ավտոմեքենայի անիվներին։ Նորք-Մարաշի 1-ին նրբանցքում «Մերսեդեսի» վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդն ու ուղևորը իջել են մեքենայից և փորձել դիմել փախուստի, բայց դա նրանց չի հաջողվել։