ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հեռացումը պահանջող հոգևորականներից մեկը` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան), Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայց է ներկայացրել դատարան։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նա պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։