«Սթրայքբոլի գործով» անցնող Անդրանիկ Չամիչյանն ազատվեց տնային կալանքից. փաստաբան

2025 թ. սեպտեմբերի 5–ին Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Սթրայքբոլի գործով» տնային կալանքի տակ գտնվող Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվել է։ Տեղեկությունը հայտնում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

««Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն։ Միաժամանակ դատարանը որոշեց գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։ Գոնե մի լավ լուր»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` հուլիսի 10-ին խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվեց։ Կալանավորվեց 2 անձ, որոնցից մեկը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ, սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն էր։ Եվս 1 անձ կալանավորվեց տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվեց «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք ներկայացվեց ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։
2025 թ. սեպտեմբերի 5–ին Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։