ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում բենզինի գներն էականորեն իջել են, ինչը վարորդների համար մի կողմից լավ, մյուս կողմից` մտահոգիչ լուր է։ Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Հայաստանում գործող գրեթե բոլոր խոշոր բենզալցակայանների շրջանում՝ հասկանալու համար, թե որ տնտեսվարողն ինչ պատճառով է էժանացրել բենզինը։
Թեև վարորդների մեծ մասը կարծում է, որ գնանկման պատճառը Ադրբեջանից Հայաստան ներկրվող բենզինի խմբաքանակներն են, սակայն գների էական փոփոխություն է եղել երկրում գործող շատ այլ բենզալցակայաններում, որոնք, մեր տեղեկություններով, ուղղակի հրաժարվել են վաճառել ադրբեջանական բենզինը։
Բենզինը 20-50 դրամով էժանացել է նույնիսկ հայաստանյան շուկայում մոտ 3 տարի գործող «Shell Royal Oil» բենզալցակայանում, որը հայտնի է իր շուկայականից բարձր գնով։
Այս բենզալցակայանում, որտեղ դեռ մի քանի օր առաջ 93 տեսակի բենզինը 570 դրամ էր, իսկ 95 տեսակի բենզինը՝ 600 դրամ, ներկա պահին 93 տեսակի բենզինի (ռեգուլյարի բարձր տեսակը-խմբ․) 1 լիտրն արժե 520 դրամ, 95 տեսակի բենզինը (պրեմիում)՝ 550 դրամ։
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են հանկարծ որոշել էժանացնել բենզինը, բենզալցակայանի աշխատակիցն ուղղակի ասաց․
«Երկրի պայմաններն են այդպես․ էժան ենք ստացել, էժան ենք վաճառում, թանկ ստանանք, թանկ կվաճառենք։ Բենզինը որակապես նույնն է մնացել»։
«Gulf Armenia» բենզալցակայանը, որը հայաստանյան շուկայում նույնպես համեմատաբար նոր խաղացող է, ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառում է 520 դրամով, իսկ պրեմիումի 1 լիտրը՝ 560 դրամով։ Բենզալցակայանից նաև նշեցին, որ իրենց մոտ գնիջեցում եղել է, սակայն չնչին։
Եթե մի քանի օր առաջ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը «CPS Petrol» բենզալցակայնում վաճառվում էր 500 դրամով, ապա հիմա այն դարձել է 460 դրամ, իսկ պրեմիումի 1 լիտրը500 դրամ է` նախկին 520 դրամի փոխարեն։
«Max Oil» բենզալցակայանում գրեթե նույն պատկերն է՝ չնչին տարբեությամբ․ նախկինում 1 լիտրը 500 դրամ արժեցող ռեգուլյար տեսակի բենզինը դարձել է 470 դրամ, իսկ պրեմիումը 520 դրամից իջել է 490 դրամ։
Թե որն է այս համատարած գնանկման պատճառը, բենզալցակայանի աշխատակիցը կարճ պատասխանեց՝ շուկայական։ Նա նաև վստահեցրեց, որ իրենց բենզինը բացառապես ներկրվում է Եվրոպայից, իսկ դիզելային վառելիքը՝ Ռուսաստանից։
«Մեզ մոտ ադրբեջանական վառելիք չկա»,- եզրափակեց նա։
«Flash» բենզալցակայանից տեղեկացրին, որ բենզինի գներն իրենց մոտ միայն վերջին երկու օրն են իջեցրել, և ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը 490 դրամից դարձել է 470 դրամ, իսկ պրիմիումի դեպքում՝ 520 դրամից 490 դրամ։
Երբ փորձեցինք հասկանալ, թե ինչով է պայմանավորված գների իջեցումը և արդյոք ներկրողի ընկերության կամ երկրի փոփոխություն է եղել (հետևաբար, նաև որակական փոփոխություններ), աշխատակիցն անմիջապես արձագանքեց․ «Ես ձեզ հասկացա․ եթե խոսքը վերաբերում է ադրբեջանական վառելիքին, վստահեցնում եմ, որ ադրբեջանական վառելիք չունենք, պարզապես գնային տատանում է տեղի ունեցել՝ շուկայի հետ կապված»։
Միայն «Ռան Օյլ»-ի աշխատակիցներն անթաքույց՝ ուղիղ տեքստով նշեցին, թե որն է բենզինի էժանացման պատճառը։ Բենզալցակայանից մեզ նախ հայտնեցին, որ պրեմիում տեսակի բենզինն արժե 430 դրամ, իսկ ավելի ցածր դասի՝ ռեգուլյար տեսակի բենզինն ավելի թանկ՝ 470 դրամ։
Մեր տարակուսանքին՝ միգուցե նա սխալվե՞ց թվերի մեջ և պետք է հակառակն ասեր, աշխատակիցը պնդեց իր խոսքերը․ «Չէ, ռեգուլյարն ավելի թանկ է, իսկ պրեմիումն այս պահին ավելի մատչելի է։ Դա պայմանավորված է ներմուծումով»։
Իսկ թե որ երկրից են նոր խմբաքանակ ներմուծում, աշխատակիցն առանց վարանելու ասաց․ «Պրեմիումը ներկրվում է Ադրբեջանից, իսկ ռեգուլյյարը՝ Եվրոպայից»։
Հիշեցում
«RanOil» ընկերությունից Sputnik Արմենիայի ի հարցմանն ի պատասխան ժխտել էին, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողն իրենք են։
Ավելի ուշ իշխանամերձ ԶԼՄ-ներին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից հայտնել էին, որ ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում։
«RanOil»–ը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Այն, ինչ կատարվում է բենզինի շուկայում, «Սոցիալ–տնտեսական զարգացման» ՀԿ–ի նախագահ Գագիկ Մակարյանը դեմպինգ չի համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա գնային այս փոփոխությունները համարեց նոր հնարավորություն։
«Մենք պետք է հիշենք, որ տարիներ շարունակ բենզինի գների հետ կապված մենք ունեցել ենք խնդիրներ։ Այսինքն, բենզինի գները միշտ եղել են բարձր և հատկապես արտարժույթի փոփոխության ժամանակ էր դա ավելի ցայտուն դառնում։ Սա ամենազգայուն և կրիտիկական շուկաներից մեկն է եղել։ Ցավոք, բենզինի շուկան տարիներ շարունակ եղել է կա՛մ մենաշնորհների, կա՛մ արտոնյալների կողմից իրականացվող բիզնես` իր մասշտաբներով ու վաճառքի ցանցերով»,– ընդգծեց նա։
Արդյոք կա՞ ռիսկ, որ ժամանակի ընթացքում հայաստանյան բենզինի շուկան մեկ ներկրողից կախված կլինի հարցին Մակարյանը պատասխանեց` մինչ այս պահը Ադրբեջանից ներկրված բենզինի ծավալներն այնքան չեն, որ մտահոգությունների առիթ տան։
«Ադրբեջանից ներմուծված բենզինի քանակները կրիտիկական եղան միայն գների վրա, քանի որ մյուս բենզալցակայնները, որոնք չեն վաճառում ադրբեջանական բենզին, ստիպված եղան իրենց մոտ ևս գներն իջեցնել։ Այսինքն, Ադրբեջանից ներմուծված բենիզնը կրիտիկական գնային քաղաքականություն մտցրեց շուկա։ Մյուս բենզալցակայանները ժամանակի ընթացքում կրկին չվերանայեն իրենց գները, ապա, այո, կախվածության ռիսկ կառաջանա»,– նշեց Մակարյանը։
Միաժամանակ նա ասաց, որ պետք է ժամանակի ընթացքում հասկանալ ադրբեջանական բենզինի որակական հատկանիշները, քանի որ Ադրբեջանն ինքը բենզին արտադրող երկիր չէ և նաև ինքն իր համար է բենզին ներմուծում։
«Կամ ինքն իր ներմուծած քանակներից է թույլ տվել վաճառել, կամ հայտարարություն եղավ, որ բենզին մշակող գործարան են գործարկել ու Հայաստան եկած վառելիքը հենց այդ գործարանի արտադրանքն է»,– եզրափակեց տնտեսագետը։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին էլ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: