ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Նախնական զննությունը ցույց է տվել, որ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվող 4 անձանցից 3-ը առողջական խնդիրներ չունեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:
«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։
Վագիֆ Խաչատրյանը (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թվականին 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: