Հիբրիդային պատերազմի դասական սցենար է. քաղաքագետը` Իրանի իրադարձությունների մասին

Արա Պողոսյանի համոզմամբ` չունենալով իրավիճակի վրա ազդեցության որևէ լծակ, Հայաստանը պետք է ձգտի առավելագույն չեզոքություն պահպանել Իրանում կատարվող իրադարձությունների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Իրանում գործարկված սցենարը հիբրիդային պատերազմի դասական օրինակ է, որտեղ ներքին խժդժությունների և արտաքին ճնշման քաղաքականության միջոցով փորձ է արվում հասնել գործող ռեժիմի տապալման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Բայց կարծես թե Միացյալ Նահանգներում էլ հասկացել են, որ քիչ հավանական է այս պահին եղած ռեսուրսներով հասնել իշխանափոխության։ Ուստի հաջորդ սցենարը արդեն ռազմական ուղիղ միջամտությունն է լինելու»,– նկատում է նա։
Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահը Իրանի իշխանություններին զգուշացրել էր, որ նրանք «մեծ գին կվճարեն» ցանկացած բռնության համար։ Իսկ բողոքի ակցիաների մասնակիցներին խոստացել էր` «օգնությունը ճանապարհին է»։ Իրանը դատապարտել է իր երկրի ներքին գործերին ռազմական միջամտության ԱՄՆ–ի փորձերը` միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունն արտաքին միջամտությունից, այդ թվում` հարվածել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։
Մեկնաբանելով Իրանից հնչած այս հայտարարությունը` քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ Իրանը Թուրքիայի տարածքում կհարվածի Հայաստանին ամենամոտ` Արարատ լեռան փեշերին գտնվող ՆԱՏՕ–ի ռազմաբազային։ Ըստ նրա` եթե Իրանը որոշի իրականացնել իր այդ սպառնալիքը, ավելի հավանական է, որ թիրախում կհայտնվեն Իրաքում, Սիրիայում կամ Պարսից ծոցի այլ երկրներում տեղակայված բազաները։
Պողոսյանը նաև նշում է, որ եթե Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, գնա Իրանին հարվածելու սցենարով, դա լուրջ ցնցումներ կառաջացնի նավթի համաշխարհային շուկայում։ Եվ այս տեսակետից հետաքրքիր է այն փաստը, որ նախքան Իրանի դեմ «քեյսի» գործարկումը, ԱՄՆ–ն իրականացրեց վենեսուելական սցենարը` ապահովելով իրեն վենեսուելական նավթով։

«Սառը պատերազմի ընթացքում` մինչև իսլամական հեղափոխությունը, տարածաշրջանում ԱՄՆ–ի կարևորագույն դաշնակիցը հենց շահական Իրանն էր, և իսլամական հեղափոխությունը, ըստ էության, ստիպեց Միացյալ Նահանգներին վերանայել իր մերձավորարևելյան քաղաքականությունը։ Այս իմաստով ԱՄՆ–ն թերևս փորձում է վերադարձնել Իրանը` որպես իր համար կարևորագույն դաշնակից` Չինաստանի աճող հզորության դեմ, և, կարծում եմ, քիչ հավանական է, որ ԱՄՆ–ն հաշտության կգնա այդ երկրի ներկայիս իշխանությունների հետ։ Կարծում եմ` ԱՄՆ–ն ամեն ինչ կանի, որ Իրանում իշխանափոխություն տեղի ունենա»,– եզրակացնում է քաղաքագետը`այս համատեքստում դիտարկելով նաև բողոքի ակցիաների կառավարման հարցում Իրանի գահընկեց շահի որդու գործոնը։

Խոսելով հարևան երկրի շուրջ ստեղծված իրավիճակի` Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին` Արա Պողոսյանը նկատում է, որ չունենալով իրավիճակի վրա ազդեցության որևէ լծակ` Հայաստանը պետք է ձգտի առավելագույն չեզոքություն պահպանել։
«Մենք պետք է մեզ համար ֆիքսենք մեկ բան՝ ով էլ լինի Իրանում իշխանության, մենք աշխատելու ենք այդ իշխանության հետ։ Մեզ Իրանի ու իրանցի ժողովրդի հետ կապում է դարավոր բարեկամությունը։ Իհարկե, մեզ համար լավագույնը զարգացող Իրանն է։ Բայց Իրանի ապագան ի վերջո որոշելու Իրանի ժողովուրդը»,– նշում է Պողոսյանը։
Նա միաժամանակ շեշտում է, որ չնայած TRIPP-ի մասին իրանական կողմից հնչող խիստ հայտարարություններին` Իրանը փորձում է չայրել կամուրջները և հնարավորինս քիչ առիթ տալ Հայաստանին բացահայտ հակաիրանականության կենտրոնի վերածվելու։
Հիշեցնենք` Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հունվարի 14-ի ասուլիսում ասել էր, թե Թեհրանում ձևավորվում է պատկերացում, ըստ որի` Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։
Նա նաև հայտարարել էր, որ Թեհրանը մտահոգված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր քաղաքականության շրջանակներում։