ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ամերիկյան զինվորականները Վենեսուելայում գործողություն պլանավորելիս ելնում էին լուրջ դիմադրության հավանականությունից։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած իրավական եզրակացության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան զորքերը կարող էին զգալի դիմադրության բախվել թիրախային օբյեկտների մատույցներում։ Մասնավորապես, հրամանատարությունը հաշվի է առել Վենեսուելայի Ֆորտ Տիունա ռազմաբազայի շրջանում մինչև 75 ՀՕՊ համակարգերի առկայությունը:
Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել: Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:
Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին: Նա հունվարի 5-ին պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, իսկ ԱՄՆ-ին հորդորել է չսրել իրավիճակը և ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը։ Նման կոչ է հղել նաև Չինաստանը, որն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։ ԱՄՆ-ին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն: