ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ադրբեջանը գերիներից 4-ին փոխանցել է Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով` նրանք հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Փաշինյանը խոստացել է ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ հայտնել։
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վագիֆ Խաչատրյանը և Վիգեն Էուլջեքչյանը
Հիշեցնենք` Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։
Վագիֆ Խաչատրյանը (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թ. 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: