ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է և գործող իշխանության կողմից ապօրինի հալածվում է։ Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեզ համար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողն անընդունելի և դատապարտելի է, և շատ ուղիղ նա հալածվում է Հայ առաքելական Եկեղեցուն և ազգային ինքնությանը սատարելու համար», — նշեց Սաղաթելյանը։
Նա հավելեց, որ ՀՅԴ-ն դրական է վերաբերվում ձևավորվող «Մեր ձևով» հասարակական-քաղաքական շարժմանը։ Նա հույս է հայտնեց, որ շարժումն իր տեղն ու դերը կգտնի ընդդիմադիր դաշտում։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։