ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է երկարաձգել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների պայմանագրերը։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Պաշտպանական ոլորտում ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը 2,5 տարում նոր ցուցանիշներ է տվել, ու բանակի համար էական հաջողություններ են գրանցվել։ Ես սա համարում եմ գերատեսչական և անձամբ իմ հաջողությունը՝ որպես օրենքի հեղինակ։ Նախկինում 5 տարի էր, ու շահառուները ծառայությունն ավարտելուց հետո կարող էին 5 մլն դրամ պատվովճար կարող էին ստանալ։ 2026 թվականին ԱԺ-ն կքննարկի մի նախագիծ, որով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը կերկարաձգվեն ևս 2 և 5 տարով։ Նոր փոփոխության արդյունքում շահառուները կստանան 2 տարվա համար 1,5 մլն դրամ, ևս 5 տարի ծառայելու համար՝ 5 մլն դրամ պատվովճար։ Այսինքն՝ 10 տարվա հանրագումարով կստանան 10 մլն դրամ պատվովճար»,- նշեց Պապիկյանը։
Ըստ նրա՝ այսպիսով կամրապնդվի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հիմքը, և կլինի պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն։ Նախարարը հայտնեց, որ այս պահին ծրագրի շահառու է 4234 ծառայող։ Միայն ամառային զորակոչից արդեն իսկ կա 906 դիմում։ Պապիկյանը հույս հայտնեց, որ մինչև պայմանագրերի կնքման ավարտը դիմումների քանակը կավելանա ևս 200–ով։