Բուք, ձյուն, մերկասառույց․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում, փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik․ Հայաստանի տարբեր բնակավայրերում ձյուն ու մերկասառույց է, որոշ տարածաշրջանների ճանապարհներին՝ բուք, կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, Արագածի, Աշոցքի, Ամասիայի և Գյումրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Կցորդիչով ավտոմեքենաների համար փակ են Մեղրու լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը։ Բոլոր տեսակի ավտոմեքենաների համար դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը։
«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Փրկարարները 3 օրում արգելափակումից դուրս են բերել ավելի քան 50 մեքենա և 80 քաղաքացու. ՆԳՆ
Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում։
ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։