Հիմք չկա, կա ակնհայտ ապօրինի դիրքորոշում` Սամվել Կարապետյանը լինի կալանավորված․ փաստաբան

Փաստաբանը շեշտել է՝ իրենք էլ են վերաքննիչ բողոքներ ներկայացնելու տնային կալանքի որոշման դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն վերաքննիչ բողոքներ են ներկայացրել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխելու մասով։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
«Դատախազությունն ու քննչական կոմիտեն վերաքննիչ բողոք են մուտքագրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ` խնդրանք-պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել Սամվել Կարապետյանին։ Հարց է առաջանում`երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները, ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի, նույնական են, ավելին` Սամվել Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել է հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ իրավապահ մարմինները ինչպե՞ս են ներկայացրել բողոքի հիմքն ու հիմնավորումը»,- գրել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ պատասխանն ակնհայտ է` հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա բացառապես ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված։
Փաստաբանը շեշտել է՝ իրենք էլ են վերաքննիչ բողոքներ ներկայացնելու տնային կալանքի որոշման դեմ։
Վարդևանյանը հիշեցրել է նաև, որ իրավապահները մերժել էին նաև Սամվել Կարապետյանի Մեռելոց հիշատակի օրը հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։