2025թ–ին ավելի քան 500 հազար ուղևոր է փոխադրվել. Հարավկովկասյան երկաթուղի

Ներքին երթուղիներում 10 տոկոս նվազում կա, ինչը ՀԿԵ-ն բացատրում է նաև համայնքային անվճար երթուղիների գործարկմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքներով նախորդ տարի 510 հազար ուղևոր է փոխադրվել: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, միջազգային երթուղիներից օգտվել է 42 հազար ուղևոր, իսկ տեղական երթուղիներից՝ 468 հազար ուղևոր։
«Տոնական օրերի ընթացքում (դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը) Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով տեղափոխվել է 1058 ուղևոր, իսկ տեղական երթուղիներում՝ ավելի քան 10 հազար ուղևոր: Նոր տարվա ընթացքում իրականացվել է նաև 10 «Հեքիաթային Էքսպրես» չարտերային ուղևորափոխադրում երեխաների համար նախատեսված տոնական ներկայացումներով»,- հայտնում են ՀԿԵ-ից։
Եթե միջազգային երթուղիներում ուղևորների թիվը գրեթե նույնն է 2024 թվականի համեմատությամբ, ապա ներքին երթուղիներում 10%-ով նվազում կա։ ՀԿԵ-ից նշում են, որ դա կապված է նոր «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի բացման, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում ուսանողների համար մատչելի անվճար համայնքային ավտոբուսների գործարկման հետ։
Հայաստանում զարգանում է երկաթուղային տուրիզմը. Մելնիկովն ու Ապրեսյանը հուշագիր ստորագրեցին
Ուղևորափոխադրումների գծով տնօրեն Հրանտ Միքայելյանը հիշեցնում է, որ նախորդ տարի մեկնարկել են ուղևորային պլատֆորմների արդիականացման և հիմնանորոգման աշխատանքները։ Փոխարինվել է Երևանի երկաթուղային կայարանի, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների պլատֆորմների սալիկապատ ծածկույթը, աբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառի պլատֆորմը։ Բացի այդ, Երևանի երկաթուղային կայարանի շենքում տեղադրվել է հատուկ սանհանգույց՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար։