ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Սիրիայի բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մաքսուդ քրդական թաղամասում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 15:00-ից (Երևանի ժամանակով 16:00-ից), ասվում է բանակի հայտարարության մեջ:
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈւ) քրդական կազմավորումների մնացած մարտիկները կտեղափոխվեն Ռաքքա նահանգի էտ Տաբկա քաղաք։ Բանակը կսկսի Շեյխ Մաքսուդի բոլոր պետական օբյեկտները հանձնել պետական հաստատություններին և աստիճանաբար կլքի շրջանի փողոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՍԺՈւ-ի մարտիկները կազմակերպված կերպով դուրս կբերվեն Հալեպի Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ թաղամասերից դեպի երկրի հյուսիս-արևելք: Սակայն ավելի ուշ ՍԺՈւ-ի մի խումբ մարտիկներ հրաժարվել են դուրս գալ Շեյխ Մաքսուդից և կրակ են բացել ներքին անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, ինչի պատճառով կրկին բախումներ են սկսվել:
2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, որոնք բնակեցված են քրդերով, մնացել են «Սիրիական ժողովրդավարական ուժերի» քրդական կազմավորումների վերահսկողության տակ։ 2025 թվականի ապրիլին ՍԺՈւ-ի և Սիրիայի կառավարության միջև համաձայնագրի շրջանակներում սկսվել է քրդական զինված խմբավորումների դուրսբերումն այդ շրջաններից, որն ուղեկցվել է սիրիական անվտանգության ուժերի վերահսկողության ուժեղացմամբ և քաղաքի որոշ հատվածներ մուտքի սահմանափակմամբ:
Սակայն, չնայած դուրսբերման պաշտոնական ավարտին, Շեյխ Մաքսուդ շրջանում պահպանվել է տեղի անվտանգության ուժերի բարձր ակտիվությունը, ներառյալ պարեկությունը և անցակետերի տեղադրումը: Իրավիճակը շարունակել է լարված լինել քրդերի և կառավարական ուժերի միջև պարբերական բախումների և պաշտոնական ուժային կառույցների կողմից տեղաշարժի սահմանափակումների պատճառով: