ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետը մեղադրվում է մայրաքաղաքին պատկանող ավելի քան 140 միլիոն դրամ արժողությամբ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Դատախազը նախկին պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 4 դրվագով. գործը հանձնվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Քասարյանը պաշտոնավարել է 2010 թվականից մինչև 2018 թվականի հոկտեմբերը։
Հանրային մեղադրող Արսեն Կոստանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ընդգրկված է եղել Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կազմում։
«Անդրանիկ Քասարյանն այդ հանձնաժողովի կազմում եղած ժամանակ փոխկապակցված անձ Արմեն Ղազարյանի և իր որդու՝ Տիրան Քասարյանի օժանդակությամբ դիտավորությամբ փորձել է գույքի հանցավոր ծագումը թաքցնել։ Նա փորձել է իրենն ու իր հետ փոխկապակցված անձանցը դարձնել Երևանի Անտառային փողոցի 136/3 հասեցի 195 և 250 քմ մակերեսով հողամասերը»,- նշել է Կոստանյանը։
Նշվում է, որ Քասարյանը նախնական համաձայնության է եկել Արմեն Ղազարյանի հետ ու 2013 թվականի սեպտեմբերին 150 քմ հողամասի ձևական աճուրդ-վաճառք է իրականացրել։ Դրան ներգրավել է իր մեկ այլ ծանոթի` Հենրիկ Մարտիրոսյանին։ Աճուրդին փաստացի չներկայացած Արմեն Ղազարյանը ճանաչվել է հաղթող, ինչից հետո տվյալ հողամասը Ղազարյանին վաճառվել է 10 մլն 500 հազար դրամով։ 195 քմ մակերեսով հողամասն էլ Քասարյանը Ղազարյանին օտարել է 4 մլն 943 հազար 250 դրամով։ Այդ հողամասերի վրա Քասարյանը կառուցել է 2173 քմ բազմաբնակարան բնակելի և հասարակական նշանակության շինություն և օրինականացրել գույքը։
Ըստ դատախազի՝ շուրջ 125 մլն 164 հազար 800 դրամ գնման արժողության օտարման արժեքով շինությունը դեռևս ինքնակամ է։
Արմեն Ղազարյանի կողմից 2018 թվականի ապրիլին տրամադրվել է ակնհայտ կեղծ շինթույլտվություն` մասնավորապես 445 քմ հողամասի վրա բազմաբնակարան բնակելի և հասարակական նշանակության շինություն կառուցելու համար։
Դրանից հետո Քասարյանը շինծու պայմանագրի կնքում է կազմակերպել, ինչից հետո էլ Ղազարյանը նվիրատվությամբ այդ ամբողջ գույքն անհատույց հանձնել է Քասարյանի կնոջը՝ Աննա Քասարյանին, ինչպես նաև որդիներին՝ Տիգրան և Կարո Քասարյաններին և նրանց կանանց՝ Այծեմնիկ Ավետիքյանին ու Էլեն Ռիզերին։ 2018-ին նրանք բոլորը ստացել են այդ գույքի սեփականության վկայական։
Հիշեցնենք, որ դեռևս 2023թ–ին ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել էր Անդրանիկ Քասարյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ։